Իսրայելը սահմանները բացում է զբոսաշրջիկների համար
Իսրայելի զբոսաշրջության նախարար Օրիթ Ֆարկաշ-Կոհենը հայտարարել է, որ երկիրը որոշել է քաղել կորոնավիրուսի պատվաստումների հաջող արշավի օգուտները և հուլիսի 1-ից բացել իր սահմանները: Այս մասին գրում է Kp.ru-ն:
«Ժամանակն է, որ Իսրայելը բացվի տուրիզմի առջև և օգտվի պատվաստված երկրի կարգավիճակից՝ ի շահ իր տնտեսության», - գրել է նախարարը սոցիալական ցանցերում:
Ֆարկաշ-Կոհենի խոսքով, որոշումը համաձայնեցվել է առողջապահության և ներքին գործերի նախարարությունների հետ:
Իսրայելի ներքին գործերի նախարար Արիե Դերին ընդգծել է, որ օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը թույլատրվում է հիմնականում այն երկրներից, որոնք ունեն հիվանդացության ցածր հաճախականություն: Նման պետությունների ցանկը երկրի առողջապահության նախարարությունը կվերանայի շաբաթական կտրվածքով: