Առցանց աճուրդի մասնակիցը 4,5 մլն դոլար է առաջարկել Բեզոսի հետ տիեզերք թռչելու համար
Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Ջեֆ Բեզոսը, որը հուլիսի 20-ին պատրաստվում է եղբոր՝ Մարկ Բեզոսի հետ տիեզերք թռչել իր Blue Origin ընկերությանը պատկանող New Shephard տիեզերանավով, բացառիկ ուղևորությանն իր հետ կվերցնի ևս մի հաջողակի:
Ինչպես նշում է Daily Mail-ը, տիեզերանավում առկա մեկ ազատ տեղի համար մեկնարկած աճուրդում առաջարկվել է 4,5 մլն դոլար: Հայտնի է, որ աճուրդն ավարտվելու է երկու օրից` ամսի 12-ին:
Գինն առաջարկողի ինքնությունը հայտնի չէ: Պարբերականի տվյալներով՝ աճուրդին մասնակցում է 5200 մարդ՝ 136 երկրից:
Blue Origin ընկերությունը հայտնել է, որ Ջեֆ և Մարկ Բեզոսները տիեզերք կթռչեն աճուրդի հաղթողի հետ։ Blue Origin-ը New Shepard տիեզերանավի 15 փորձնական թռիչք է իրականացրել, վերջինը՝ ապրիլի կեսերին։