Լիտվան բելառուս փախստականների համար վրանային ճամբար կկառուցի
Լիտվան Պաբրադե քաղաքի Օտարերկրացիների գրանցման կենտրոնում (URC) 350 անձի համար փախստականների ճամբար կկառուցի, հայտնում է տեղական LRT հեռուստառադիոընկերության կայքը և հավելում, որ այն նախատեսված է Բելառուսից փախստականների համար՝ նպատակ ունենալով վերահսկել անօրինական ներգաղթյալների հոսքը։
Գրանցման կենտրոնն այժմ տեղավորում է ապաստան հայցողներին և փաստաթղթեր չունեցող ներգաղթյալներին։
Կենտրոնի ղեկավար Ալեքսանդրաս Կիսլովասը նշել է, որ, չնայած փախստականների ճամբարը սովորական կեցավայր չէ, այնուամենայնիվ այնտեղ մարդկանց համար բոլոր անհրաժեշտ հարմարությունները կլինեն։ Վրաններն ապահովված կլինեն օդափոխման և ջեռուցման համակարգերով:
Որոշ ներգաղթյալների՝ մասնավորապես ընտանիքներին, կհատկացվի սովորական կացարան։
Լիտվայի իշխանությունները կարծում են, որ Մինսկում ներքաղաքական իրավիճակը կարող է նպաստել Բելառուսից ապօրինի ներգաղթին: Լիտվացի սահմանապահների հայտնած տեղեկությունների համաձայն՝ այս տարի Իրաքից և Բելառուսից մոտ 300 ներգաղթյալ է ժամանել Լիտվա։