«Դուք տեղյակ չեք, որ ծրագրերը չեն հասնում աղքատին»․ քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ)
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության նախաձեռնած ծրագրերին՝ մատնանշելով «խելացի» անասնագոմերը, ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագրերը։
Հանրահավաքի մասնակիցներից մեկն արձագանքեց․ «Էդ ոչ մեկին չի հասնում, հարուստներին է հասնում, մեզ նմաններին չի հասնում»։ Մեկ այլ քաղաքացի էլ հաստատեց․ «Դուք տեղյակ չեք, որ չի հասնում աղքատին, տեղյակ չեք»։
Փաշինյանն արձագանքեց՝ դրա համար ամեն տարի հաշվետվություններ են ստանում, թե գործն ինչքանով է արված։
«Հիմա, նաև Ձեր արձագանքը հաշվի առնելով, մենք հաշվետվողականության ավելի լավ մեխանիզմներ կդնենք, բայց ես ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք, որ նման ծրագրեր կան, հետևողական լինեք, դռները ծեծեք, նամակ գրեք, բողոքեք, եթե չի հասնում»,-ասաց նա։
Մեկ այլ քաղաքացու նույն արձագանքին՝ չի հասնում, Փաշինյանը պատասխանեց․ «Չի հասնում, պետք է հասցնենք, պետք է իրար հետ աշխատենք, գնանք առաջ։ Համաձայն եմ, որ մենք պետք է խորքային բարեփոխումներ իրականացնենք, համակարգը փոխենք»։
Նրա որոշ համակիրներ առաջարկեցին կադրային ջարդ անել, Փաշինյանն էլ արձագանքեց՝ ուրախ է, որ իր ուղերձը տեղ է հասել։
«Ուզում եմ ներողություն խնդրել այն բացթողումների համար, որ այս ընթացքում արել ենք, շատերը թավիշից անընդհատ բողոքում են, 2018-ին ասել ենք թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, հիմա էլ ենք ասում, բայց ասում ենք՝ թավիշն իրեն սպառեց, հիմա եկել է ամենախիստ մեթոդներով բոլոր ծրագրերն իրականացնելու և ամենախիստ մեթոդներով կարգուկանոն հաստատելու ժամանակը»,-ասաց նա։