Կոալիցիա կազմելը վատ տարբերակ է, բայց եթե ուրիշ ելք չլինի, իհարկե, պիտի փորձենք. Լևոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)
Իմ առաջարկը մերժվել է, այլևս դրան վերադառնալ հնարավոր չէ, ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի իրավիճակ ստեղծվի, երբ բոլորս խորհրդարան անցնենք, բայց մեծամասնություն չկազմենք, ստիպված գնանք կոալիցիա կազմելուն: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով ՀՀ երեք նախագահների միավորման հավանականության մասին:
Դիտարկմանը, թե հասարակությունում կարծիք կա, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասպարեզ են եկել Լևոն Տեր–Պետրոսյանի շնորհիվ, վերջինս պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում իմ շնորհիվ, ես ո՛չ նրանց ծնողն եմ, ո՛չ էլ նրանց ծնողական ժողովի նախագահն եմ, իրենք իրենց ուժերով դարձել են այդպիսի դեպքեր, ես չեմ ծնել ոչ մեկին»:
Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ միշտ կողմ է համերաշխությանը, կոալիցիաներին: «Թեև կոալիցիաներ կազմելը Հայաստանի համար նոր պրոբլեմներ ստեղծելու երևույթ է, և գուցե ընկնենք այն երկրների շարքերը, երբ տարին երկու-երեք կառավարություն են փոխում, վատ տարբերակ է, բայց եթե ուրիշ ելք չլինի, իհարկե, պիտի փորձենք»: