Հիմա այդ ձայնագրությունում Սարգսյանն ուզում էր վնա՞ս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ. Նիկոլ Փաշինյանը՝ Սպիտակում
Նախորդ 24 ժամը Սերժ Սարգսյանը և հանրապետականները սպառնում էին, որ ջախջախիչ կոմպրոմատ են հրապարակելու։ Երեկ իրենք այդ ձայնագրությունը հրապարակեցին։ Ես ինչքան հետևել եմ արձագանքներին, հանրությունը մի փոքր տարակուսած է․ նրանք հարց են տալիս՝ հիմա այդ ձայնագրությունում Սարգսյանն ուզում էր վնա՞ս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ։ Այս մասին Սպիտակում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը։
Ըստ Փաշինյանի՝ այդ հարցը շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին և ամբողջությամբ հիմնավորում է իրենց այն դիրքորոշումները, պատմությունը, որը վերջին 7 ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից ներկայացրել են։
«Այդ պատմությունն առաջինը այն մասին է, որ 2018-ի մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը մենք, ես ժառանգել եմ փակուղային, դեֆորմացված վիճակում, և որն է եղել ամենակարևոր պրոբլեմը այդ պահի դրությամբ՝ այն, որ միջնորդները, ըստ էության, հետագա զարգացումների և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը, բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել, դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ, ես խոսել եմ այդ մասին՝ խոսելով 2016-ի հունվարի իրադարձությունների մասին, ասելով, որ 2016-ի հունվարին ես վարչապետ չէի, և այդ ժամանակ որևէ մեկը չէր էլ հավատում, որ Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է»,-հայտարարեց նա։
Նրա խոսքով՝ միջնորդները Հայաստանին, ըստ էության, պայման են ներկայացրել հրաժարվել ԼՂ միջանկյալ կարգավիճակի գաղափարից։
«Դա նշանակում է, որ հարցը դրված է եղել այսպես՝ նախկինում գոյություն ուներ «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձև, հետո գոյություն ուներ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձև, 2016-2018 թվականներին ձևակերպվեց և 2016-ի Ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանով լրջացավ «տարածքներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը»,-ասաց նա։
Փաշինյանը նաև ընդգծեց՝ իրենք 2018-ին բանակցային գործընթացը ժառանգել են մի իրավիճակում, երբ սեղանի վրա դրված է եղել «տարածքներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը։
«Շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները և միջազգային հանրությունը․․․ միջազգային հանրությունը, որի վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, մեր առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները՝ ոչ մի բանի դիմաց։ Այդ բանաձևն ունեցել է «5+2» բանաձևը, իրականում «5+2» բանաձև գոյություն չունի ռեալիսոտորեն, որովհետև այդ 2-ը ինչ-որ իմաստով հետաքրքիր, գայթակղիչ դարձնելու համար էր։ Այդ 2-ն այն պահեստային հատվածն է՝ այդ լուծումը Ադրբեջանի համար ընդունելի դարձնելու համար»,-ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ 2018-ի մայիսի դրությամբ իրադրության զարգացման 2 հնարավորություն կար․ «Տարածքների վերադարձ՝ ոչ մի բանի դիմաց, երկրորդ՝ ներքին տեղահանվածների անվան ներքո ադրբեջանցիների վերադարձ ԼՂ։ Հետո էլ՝ կապրենք, կտեսնեք․ ապրում, տեսնում ենք Նախիջևանը»,-ասաց նա։
Սերժ Սարգսյանը հրապարակել է երեկ խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին