Միլիարդատեր բարերարը կտրուկ քննադատել է հարուստ երկրների կողմից COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կուտակումը
Միլիարդատեր բարերար Մո Իբրահիմը սուր քննադատության է ենթարկել հարուստ երկրների կողմից COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կուտակումը՝ միջազգային հանրությանը կոչ անելով արդար բաշխման համար բանակցություններ սկսել, քանի որ Աֆրիկան տառապում է պատվաստանյութերի պակասից:
Սուդանում ծնված բրիտանացի մեծահարուստ Իբրահիմը հայտնի է ամբողջ Աֆրիկայում: 75-ամյա գործարարն իր կարողությունը ձեռք է բերել Աֆրիկայի ողջ տարածքում 1990-ականներին ստեղծելով Celtel բջջային ցանցը, հայտնում է AP-ն:
Նա այժմ այդ կարողությունն օգտագործում է ամբողջ մայրցամաքում ժողովրդավարության եւ քաղաքական հաշվետվողականության խթանման համար, այդ թվում 5 միլիոն դոլար արժողությամբ «Իբրահիմ» մրցանակի միջոցով՝ աֆրիկյան այն առաջնորդների համար, ովքեր ղեկավարում են պատասխանատվությամբ եւ խաղաղ կերպով հանձնում են իրենց իշխանությունը:
Նա ցավով նշել է պատվաստանյութերի համար համաշխարհային «մրցակցության» մասին: Ըստ նրա, ինքն անիմաստ է համարում համավարակային դարաշրջանի «ոչ ոք ապահով չէ, քանի դեռ բոլորը ապահով չեն» կարգախոսը, քանի դեռ չկա ամբողջ աշխարհում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդար բաշխում:
Նա կարծում է, որ պատվաստանյութերի «առնվազն ողջամիտ մասը» պետք է հասցվի Աֆրիկայի առաջնագծի աշխատակիցներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անցյալ շաբաթ հայտնել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարումները Աֆրիկային «համարյա դադարել են» այն ժամանակ, երբ որոշ երկրներում վարակման դեպքերը շատանում են:
Աֆրիկայում 1,3 միլիարդ մարդուց պատվաստանյութ է ստացել 31 միլիոնը: Բայց, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Աֆրիկայի հարցերով տնօրեն Մատշիդիսո Մոեթիի խոսքով, ընդամենը 7 միլիոն մարդ է ամբողջությամբ պատվաստված: