Մակրոնի վրա հարձակման գործով կասկածյալներից մեկի տանը հայտնաբերվել է զենք և Հիտլերի «Իմ պայքարը» գրքի պատճենը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա հարձակման գործով կասկածյալներից մեկի տանը խուզարկության ընթացքում հայտնաբերվել է զենք և Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» (Mein Kampf) գիրքը, հայտնում է BFM հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
«Երկրորդ կասկածյալի տանը, որը նկարահանում էր իր հանցակցի կողմից Մակրոնի վրա հարձակումը, խուզարկության ժամանակ հայտնաբերել ենք զենք և Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գրքի պատճենը», - ասել է աղբյուրը՝ չնշելով, թե ինչ տեսակի զենքի մասին է խոսքը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մակրոնը Դրոմ դեպարտամենտ կատարած այցի ընթացքում ապտակ էր ստացել մի տղամարդուց։
Միջադեպի հետևանքով բերման էր ենթարկվել երկու անձ:
Համացանցում տարածվել է տեսանյութ, ըստ որի` Ֆրանսիայի ղեկավարը մոտենում է իրեն սպասող մարդկանց, բռնում է տղամարդկանցից մեկի ձեռքը, սակայն վերջինս մյուս ձեռքով ապտակում է նախագահին: Այնուհետև իրավիճակին միջամտում են թիկապահները, որոնք նախագահին հեռացնում են, իսկ տղամարդուն` բռնում: