Գերիներին մատնել են անտերության, այս հարցը Սերժ Սարգսյանը պետք է բարձրացներ, որ Փաշինյանը արձագանքեր. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)
Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը:
«Պարոն Սարգսյանը տվել է ժամանակ Փաշինյանին և քանի որ այս քարոզարշավը իշխանական ուժի կողմից ուղեկցվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ հրապարակելով, Սերժ Սարգյսանի արձագանքը հետևյալն էր՝ մենք ասեկոսեներ չենք տարածելու և մենք խոսելու ենք փաստերով, ժամը դեռ չի լրացել և առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ գործող իշխանության կողմի նախընտրական քարոզարշավը դժվար է անվանել քաղաքակիրթ, քանի որ այն կազմակերպում է մի անձ, որը քաղաքական դեմք չէ:
«Նա այդպես էլ 3 տարիների ընթացքում չդարձավ քաղաքական դեմք, մենք գործ ունենք սոցիոպատիկ երևույթների հետ, նման տիպի մարդիկ արձագանքում են այդպես գահավիժող վարկանիշի ժամանակ և ես կարծում եմ, որ որևէ մեկին մոտ կասկած չկա, որ նրանց վարկանիշը գահավիժում է»,- նշեց նա:
Հարությունյանը նաև անդրադարձավ ռազմագերիների վերաբերյալ ՀՀ 3-րդ նախագահի մեկնաբանությանը և առաջարկին առ այն, որ Նիկոլ Փաշինյանի որդին փոխանակվի ռազմագերիների հետ:
«Գերիներին մատնել են անտերության և շատ զարմանալի է, որ այս պարագայում պետք է սպասել 7 ամիս, որ հասարակությունից հնչեին հարցեր, իսկ Սերժ Սարգսյանը հստակ բարձրացներ այն հարցը, որը վաղուց է կախված օդում, թե ինչու՞ է մեր իշխանությունը անտարբեր գերիների ճակատագրի նկատմամբ, և դրանից հետո նոր Նիկոլ Փաշինյանը արձագանքեր այդ հարցին»,- ասաց Դավիթ Հարությունյանը: