Եվրամիության ավելի քան 1 միլիոն բնակչի կորոնավիրուսի դեմ պատվաստումների անձնագրեր են տրվել
Եվրամիության տարածքում մինչ օրս տրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների ավելի քան 1 միլիոն անձնագիր: Այս մասին Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է իրավաբանական հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը, գրում է The Local-ը:
Պաշտոնյայի խոսքով՝ այս փաստաթղթերի իսկությունը ճշտելու համար նախատեսված հարթակն արդեն աշխատում է: Այնուամենայնիվ, դրանց տրամադրման համաեվրոպական էլեկտրոնային համակարգն ամբողջությամբ կգործի հուլիսի 1-ից:
Ռեյնդերսի տեղեկություններով՝ ԵՄ 9 երկիր արդեն իսկ սկսել է սեփական քաղաքացիներին COVID-անձնագրեր տրամադրել: Այդ երկրների թվում են Հունաստանը, Իսպանիան, Խորվաթիան, Գերմանիան, Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Լիտվան և Լեհաստանը:
«Որքան շատ վկայագիր կարողանանք տրամադրել, այնքան ավելի հեշտ կլինի հետագա գործընթացը: Հակառակ դեպքում հուլիսի 1-ին մեծ ներհոսք ունենալու ռիսկի ենք դիմում, ինչը մեզ թույլ տալ չենք կարող»,- ասել է նա:
Նշվում է, որ փաստաթուղթը կարող է ներկայացվել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային եղանակով: Բացի կորոնավիրուսի դեմ իմունիտետի մասին տեղեկատվությունից, այն պետք է ներառի սեփականատիրոջ մասին նվազագույն տեղեկատվություն: