Բլինկենը, ի պատասխան սենատոր Մենենդեսի մտահոգություններին, հայտարարել է, որ ապագայում շարունակելու են դիտարկել Ադրբեջանին օգնության ցուցաբերումը թույլատրող որոշումը վերանայելու հարցը (տեսանյութ)
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ, ի պատասխան հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի հարցին, անդրադարձել է Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին այդ թվում ռազմական օգնություն տրամադրելու արգելքը շրջանցելու՝ ամիսներ առաջ կայացված որոշմանը:
Սենատոր Մենենդեսը, հարց ուղղելով պետքարտուղար Բլինքենին, շեշտել է, որ հիասթափված է ամերիկյան վարչակազմի՝ Ազատության աջակցման ակտիվ 907-րդ կետը շրջանցելու որոշումից, որով թույլատրվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին այդ թվում ռազմական օգնության ցուցաբերումը, և դա Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ամիսներ առաջ կատարած հարձակումից հետո:
«Ամերիկյան վարչակազմի այս որոշումից հետո Ադրբեջանը փաստացի խախտեց Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքային ամբողջականությունը, ազատ չի արձակել պատերազմի ժամանակ գերեվարված հայերին, ինչը միջազգային իրավունքի խախտում է: Երբ ամերիկյան վարչակազմը թույլատրեց օգնության ցուցաբերումն Ադրբեջանին, մենք դրանով կանաչ լույս վառեցինք նրանց համար»,- հայտարարել է սենատոր Մենենդեսը:
Ի պատասխան՝ պետքարտուղար Բլինքենն ասել է, որ իրենք «շարունակելու են դիտարկել այդ հարցը»:
«Ես ակտիվ աշխատանք եմ տարել այս հարցով, մասնավորապես՝ գերիների վերադարձման և հակամարտության իրական կարգավորման բանակցությունների շուրջ: Կարծում եմ՝ մենք ապագայում այս հարցը պետք է շարունակենք դիտարկել և վերանայել»,- ասել է Բլինկենը:
Սենատոր Մենենդեսի և պետքարտուղար Բլինկենի հարցուպատասխանը՝ տեսանյութում՝ 2:51:40-ից: