Ավստրալիայում 2007թ. հայտնաբերված դինոզավրի նոր տեսակը դասակարգվել է որպես մայրցամաքում երբևէ հայտնաբերված ամենամեծ տեսակ (լուսանկարներ)
Ավստրալիայում գիտնականները 2007 թվականին հայտնաբերված դինոզավրի նոր տեսակը դասակարգել են որպես մայրցամաքում երբևէ հայտնաբերված ամենամեծ տեսակ, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ The Australotitan cooperensis-ը կամ «հարավային տիտանն» աշխարհում հայտնաբերված 15 ամենամեծ դինոզավրերից մեկն է։
Փորձագետների կարծիքով՝ այն ունեցել է մոտ 6,5 մետր բարձրություն, 30 մետր երկարություն՝ մոտավորապես այնքան, որքան բասկետբոլի խաղադաշտը։
Դինոզավրի ոսկորների մնացորդներն առաջին անգամ հայտնաբերվել են Քուինսլենդի հարավ-արևմուտքում գտնվող մի ֆերմայում։ Դրա ոսկորները համեմատվել են այլ զաուրոպոդների ոսկորների հետ։
Զաուրոպոդները բուսակեր դինոզավրեր են, որոնք հայտնի էին իրենց չափսերով: Դրանք ունեցել են փոքր գլուխներ, շատ երկար պարանոցներ, երկար պոչեր ու հաստ, սյունանման ոտքեր և ապրել են մայրցամաքում մոտ 92-ից 96 միլիոն տարի առաջ։
Փորձագետներն այն անվանել են «Քուփեր», քանի որ այն հայտնաբերվել է Քուփեր Քրիկ գետի մոտակայքում։