Սալվադորի նախագահը խոստացել է բիթքոյնը դարձնել երկրում պաշտոնական վճարային միջոց
Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն խոստացել է բիթքոյնը դարձնել երկրում պաշտոնական վճարային միջոց, հաղորդում է ВВС-ն:
Նախագահ Բուկելեն հայտարարել է, որ բիթքոյնի ճանաչումը կհեշտացնի արտերկրում աշխատող երկրի քաղաքացիների համար դեպի հայրենիք միջոցների փոխանցումը: «Կարճաժամկետ հեռանկարում դա կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանն ու կօգնի ներգրավել ֆինանսական աշխարհում հազարավոր մարդկանց, որոնք դուրս են ֆորմալ տնտեսությունից»,-ասել է Սալվադորի ղեկավարը:
«Սալվադորի բնակչության 70 տոկոսը չունի բանկային հաշիվ, այդ մարդիկ աշխատում են ստվերային տնտեսությունում,-իր որոշումը բացատրել է նախագահը թվիթերյան էջում:-Ֆինանսական ներառումը միայն բարոյական պարտք չէ, այլ նաեւ երկրի տնտեսությունն ակտիվացնելու, վարկերը, խնայողությունները, ներդրումներն ու հուսալի փոխանցումները հասանելի դարձնելու միջոց է»:
Եթե այդ ծրագիրը հաստատվի խորհրդարանի կողմից, Սալվադորը կդառնա աշխարհում առաջին պետությունը, որն այդպիսի կարգավիճակ է հաղորդել կրիպտոարժույթին: Կենտրոնական Ամերիկայի փոքր պետությունը՝ Սալվադորը, չունի սեփական տարադրամ, իսկ որպես վճարային միջոց երկրում գործում է ամերիկյան դոլարը: