Կութ գյուղի հովվի ուղղությամբ կրակ է բացվել․ ՊՆ
Հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել:
Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում տեղի է ունեցել միջադեպ։ Ադրբեջանցի զինվորները կրակել են գյուղի հովվի վրա։