Էրդողանը կորոնավիրուսի դեմ 3-րդ ներարկումն է ստացել, մինչդեռ երկրում 50 միլիոն մարդ սպասում է պատվաստանյութի իր առաջին ներարկմանը
Թուրքիայի ընդդիմադիր օրենսդիրներն ու սոցցանցերի օգտատերերը քննադատում են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 3-րդ չափաբաժինը ստանալու համար, քանի որ երկրում 50 միլիոն մարդ սպասում է պատվաստանյութի իր առաջին ներարկմանը, հայտնում է Ahval թերթը։
Էրդողանը TRT պետական հեռուստաընկերության ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երեք ներարկում է ստացել։ Հարցազրույցի ընթացքում Էրդողանն ասել է․ «Ես ստուգեցի՝ արդյո՞ք իմ հակամարմինների մակարդակը բարձրացել է։ Փառք Աստծո, հասել եմ 2160-ի»։
Նշվում է, որ առաջին անգամ Էրդողանը պատվաստվել է հունվարի 14-ին, երկրորդը՝ փետրվարի 11-ին, երկու դեպքում էլ ներարկվել է չինական արտադրության Sinovac: Իսկ այս շաբաթ հայտնի է դարձել, որ նախագահը երրորդ անգամ պատվաստվել է մարտի 10-ին:
Ընդդիմադիր Էնգին Օզկոչն իր գրառման մեջ նշել է, որ 50 միլիոն մարդ դեռևս պատվաստանյութ չի ստացել, իսկ Էրդողանը ստացել է 3-րդ ներարկումը։
Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավը մեկնարկել է հունվարին, և առ այսօր պատվաստվել է 12,5 միլիոն մարդ, իսկ 16,6 միլիոնը ստացել է պատվաստանյութի առաջին ներարկումը: Երկրում պատվաստանյութի զգալի պակաս կա։ Առորղջապահության նախարար Ֆահրեթթին Քոչայի փոխանցմամբ՝ հունիսին Թուրքիան ևս 12 միլիոն չափաբաժին BioNTech պատվաստանյութ կստանա։
Թուրքիայում համավարակի տարածումից ի վեր կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է ավելի քան 47 հազար մարդ։