Երբեք չեմ բացահայտել իմ աշխատանքի ընթացքում հասած տեղեկությունները. Վանեցյանը Պետրոս Ղազարյանի հետ զրույցում
Ալիևը շատ լավ հասկնում է, որ եթե մերը մեզ չվերադարձնի, միևնույն է՝ այս իշխանությունները որևէ բան փոխելու ունակ չեն: Նոյեմբերի 9-ին մի փաստաթուղթ է ստորագրվել, որի կետերը անշեղորեն Նիկոլը կատարել է, իսկ Ալիևը չի կատարում: Այս փաստաթղթի շուրջ պետք է լինեն մարդիկ, որոնք իրենց անցած ճանապարհով, իրենց գիտելիքներով կկարողանան իրագործել այս հայտարարության կետերը: Այս մասին երեկ երեկոյան Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
«Թուղթ է ստորագրվել, որի մեջ հստակ գրված է, որ ՀՀ ԶՈՒ-ն և Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-ն ստորագրման պահին կանգնած տեղերում են մնալու, դրանից հետո ՀՀ-ն հետ է քաշվում իր դիրքերից, Ադրբեջանը նոր տարածքներ է գրավում, ասում ենք՝ ինչի՞ ես արել, ասում է՝ պայմանավորվածություն ունեմ Ալիևի հետ, սա դուք համարո՞ւմ եք նորմալ»,-ասաց նա:
Վանեցյանն անդրադարձավ նաև գերիների թեմային՝ ասելով, որ պատերազմի ավարտից հետո նոր գերիներ են վերցվել, գերիները չեն վերադարձվել, զոհ ունենք և Ադրբեջանում մեր գերիներից 14-ից արդեն կանգնեցրել են դատարանի առաջ և դատում են որպես ռազմական հանցագործներ: «Ի՞նչ է անում այս իշխանությունը: Մենք վերադարձնելու ենք ՀՀ արժանապատվությունը: Եթե ես հիմա ձեզ պատմեմ գերիներին վերադարձնելու մեխանիզմը, դա անլուրջ կլինի, որովհետև դու պիտի լինես իշխանություն ու հասկանաս տեղեկատվությունը, որ այդ հարցին լուծում տաս»:
Վանեցյանը շեշտեց, որ նրանք պատերազմ չեն բերելու և ՀՀ-ն այնքան է հզորանալու, որ կարողանալու է առաջ մղել ՀՀ պետական շահերը: Ես որևէ պարագայում չեմ բացահայտել ինձ իմ աշխատանքի ընթացքում հայտնի դարձած տեղեկությունները, ես պահել եմ այդ կոռեկտությունը, ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում լինել ԱԱԾ գեներալ և ամեն ինչ հաշվի առնելով՝ ընտրել եմ այս ճանապարհը՝ արհավիրքը կանգնեցնելու: Ո՞րն է իմ սխալը, ի՞նչ եմ ես սխալ արել, եթե մատնանշեք մի սխալ, ես կասեմ՝ ներողություն: Ես արել եմ ու անում եմ ամեն ինչ, որ մեր երկիրը ազատեմ այս թշվառ, հակապետական իշխանությունից: Տպավորություն է ստեղծվում, որ չկա պետություն, քանդված է պետական կառավարման համակարգը, պետականությունը, մենք այսօր իրապես կանգնած ենք մեր պետականության կորստի առաջ, բնաջնջման վտանգի առաջ»: