Էնթոնի Բլինկենը Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության ամրապնդման հնարավորությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության ամրապնդման հնարավորություններն ու հայտնել այդ նպատակով Գազայի հատված ամերիկյան հումանիտար օգնություն ուղարկելու հնարավորության մասին, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի գրավոր հայտարարությանը, որը հրապարակվել է երկու երկրների պաշտոնյաների բանակցություններից հետո:
«Պետքարտուղարն ընդգծել է թե՛ իսրայելցիների և թե՛ պաղեստինցիների համար անվտանգության ապահովումն ու հայտարարել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին աջակցելու մասին՝ միաժամանակ ընդգծելով Գազայի հատված հումանիտար օգնություն ուղարկելու միջոցով վերականգնմանը նպաստելու կարևորությունը»,- ասված է փաստաթղթում:
Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադար է հաստատվել մայիսի 21-ից:
Իսրայելա-պաղեստինյան 11-օրյա հակամարտության հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, նրանց մեծամասնությունը՝ Գազայի հատվածում: Ե՛վ ՀԱՄԱՍ-ը, և՛ Իսրայել հայտարարում են հաղթանակ տանելու մասին: Իսրայելում բնակիչների մեծամասնությունը տոնել է հրադադարի կնքումը, սակայն շատերը մտահոգություն են հայտնել, որ մյուս հակամարտության բռնկումը տարածաշրջանում ժամանակի հարց է:
Երուսաղեմում հուզումները սկսվել էին մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել էին մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել էին մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:
Գազայում, որտեղ վերահսկողություն է իրականացնում ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը, ավելի քան 100 000 մարդ էր տարհանվել իրենց տներից: