Լեհական Վարմիա-Մազուրիայի վոյևոդությունում՝ նացիստական Գերմանիայի արևելյան բանակի նախկին շտաբի տեղում հայտնաբերվել են գաղտնի ստորգետնյա թունելների ցանցի մուտքեր
Լեհական Վարմիա-Մազուրիայի վոյևոդությունում՝ նացիստական Գերմանիայի արևելյան բանակի նախկին շտաբի տեղում հայտնաբերվել են գաղտնի ստորգետնյա թունելների ցանցի մուտքեր: Ըստ Daily Mail-ի՝ ենթադրություն կա, որ թունելները տանում են դեպի կորած համարվող Սաթե սենյակ, ինչպես նաեւ այլ գանձերի մոտ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գողացել են նացիստները, հաղորդել է Planet-today-ը:
Ճշգրտված տվյալների համաձայն՝ Մամերկի քաղաքում կամավորներն ու Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարանի աշխատակիցները շուրջ 200 հա տարածքի վրա ստորգետնյա անցումներ են հայտնաբերել: Ինչպես նշել է թանգարանի ներկայացուցիչ Բարտոլոմեյ Պլեբանչիկը, այստեղ նախատեսվում է հնագիտական աշխատանքներ սկսել. պեղումները կմեկնարկեն այս ամսվա երկրորդ կեսին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մաուերվալդում գտնվող գերմանական բանակի գլխավոր շտաբի բաժանմանմունքն էր ռազմական գործողություններ ծրագրում Արեւելյան ճակատում: Ավելի քան մեկուկես հազար մարդ անընդհատ այնտեղ էր գտնվում՝ ներառյալ Գերմանիայի Գլխավոր շտաբի մոտ չորս տասնյակ գեներալներ: Ստեղծվել են ստորգետնյա թունելներ, որոնք միացնում էին երկաթբետոնե բունկերները, որտեղ նացիստները աշխատում եւ պատսպարվում էին հնարավոր ռմբակոծություններից:
Ընդհանուր առմամբ, տարածքում պահպանվել են շուրջ երեսուն շինություններ՝ ներառյալ 7 մետր հաստությամբ պատերով բունկեր: Խորհրդային զորքերի արագ հարձակումը հնարավորություն տվեց գրեթե առանց ավերածությունների գրավել համալիրը: Այստեղ նախկինում արդեն փնտրել են Սաթե սենյակը, սակայն ապարդյուն: