Արցախից էլեկտրաէներգիա չներմուծելու պատճառով ունենք ֆինանսական կորուստներ․ ամեն կիլովատտի պարագայում կորցրել ենք շուրջ 8 դրամ. Գարեգին Բաղրամյան
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն անդրադարձավ Արցախից ներմուծվող էլեկտրաէներգիային՝ նշելով, որ կան հետևանքներ և ֆինանսական կորուստներ:
«Արցախից այսօր նախատեսված էր շուրջ 300 միլիոն մեգավատտ էլեկտրաէներգիա ներմուծել, և դրա բացակայությունն ունեցել է իր բացասական հետևանքները, և ամեն կիլովատտում մենք մոտ 8 դրամ կորուստ ենք ունեցել, բայց դա նույնպես հաշվի ենք առել: Էներգետիկ անվտանգության խնդիր Արցախում չկա, քանի որ զուգահեռ միացված են մեր համակարգին, ըստ անհրաժեշտության իրավիճակը վերահսկում ենք: Արցախից ներկրում էինք էժան էլեկտրաէներգիա, որն այս պահին չունենք, բնականաբար, դա պետք է լրացվի ջերմակայանով»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Հրազդանի ՋԷԿ-ը հունիսին մի քանի օրով կդադարեցնի աշխատանքը և մեկ բլոկ կմիանա, չնայած նախատեսված էին երկուսը, իսկ մյուսի փոխարեն էլեկտրաէներգիա կներմուծվի Վրաստանից, քանի որ այս սեզոնին մատակարարումը հարմար գներով է նախատեսված:
«Հրազդան ՋԷԿ-ի արտադրությամբ կազմվել է հաշվեկշիռը, և սակագները սահմանվել են, ընթացքում մայիս ամսին հնարավորություն է եղել էժան էլեկտրաէներգիա ներմուծել Վրաստանից և այդքանով Հրազդանի ՋԷԿ-ը կանգնեցվել է, այսինքն՝ էլեկտրաէներգիան շուրջ 33 դրամ է, իսկ ներմուծվում է մոտ 24 դրամով, այսինքն՝ մենք 8-9 դրամ օգուտ ենք ստեղծում համակարգում և այդ օգուտները մյուս տարի սակագները վերանայելիս իջեցվելու են»,- նշեց Բաղրամյանը: