Պուտին-Բայդեն հանդիպման նախաշեմին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են անցկացնում Եվրոպայում, ՌԴ-ն զորքերն ուղարկում է Արևմուտք. The Washington Times
«Երկուշաբթի ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները Եվրոպայում անցկացրել են մի շարք խոշոր ռազմական վարժանքներ, ինչին Ռուսաստանը պատասխանել է` հայտարարելով առնվազն 20 նոր զորամաս իր արևմտյան սահմանին բացելու ծրագրերի մասին», - գրում է The Washington Times-ը:
Պարբերականը նկատում է, որ Ժնևում Պուտին-Բայդեն հանդիպման նախաշեմին, երբ խաղադրույքներն այդքան բարձր են, Հիշատակի օրը (ԱՄՆ հիշատակի ազգային օրը նշվում է ամեն տարի մայիսի վերջին երկուշաբթին` ոգեկոչելով բոլոր ամերիկացի զինծառայողների հիշատակը, որոնք զոհվել են բոլոր պատերազմներում և զինված բախումներում, որոնցում երբևէ մասնակցել են ԱՄՆ-ն-Խմբ.) մանրևներ անցկացնելը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև լարվածության աճի ևս մի նախանշան է:
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում էին ցամաքային զորքերի հազարավոր զինծառայողներ, ռազմանավեր և ավիատեխնիկա ՆԱՏՕ-ի տասնյակից ավելի երկրներից: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Պորտուգալիայի ափերի մոտ գտնվող բրիտանական ավիակրի վրա գտնվելիս, ասել է, որ զորավարժություններն ընդգծում են 72-ամյա դաշինքի ռազմական ներուժը: Միևնույն ժամանակ, Պենտագոնի պաշտոնյաները երկուշաբթի հայտարարել են «Դաշնակից երկինք» (Allied Sky) գործողության մասին, որում երկուշաբթի ԱՄՆ և ՆԱՏՕ կործանիչները պետք է թռչեին ՆԱՏՕ-ի բոլոր 30 երկրների վրայով:
«Ռուսաստանն արագ դատապարտել է զորավարժությունները և հայտարարել իր սադրիչ քայլի մասին», - գրում է The Washington Times-ը` մանրամասնելով, որ Կրեմլի պաշտոնյաները հայտարարել են, որ Ռուսաստանը 20 նոր կազմավորում և զորամաս կստեղծի երկրի արևմտյան շրջաններում`ՆԱՏՕ-ի երկրների հետ իր սահմաններից ոչ հեռու:
«Այս ռազմական լարվածությունը, անկասկած, կլինի Բայդեն-Պուտին հանդիպման հունիսի 16-ի հագեցած օրակարգի հարցերից մեկը», - ենթադրում է թերթը ՝ թվարկելով այն թեմաներ, որոնք Բայդենը կբարձրացնի հանդիպմանը. 2016 և 2020թթ. ամերիկյան ընտրություններին ենթադրյալ միջամտությունը, ամերիկյան SolarWinds и Colonial Pipeline ընկերությունների դեմ կիբեռհարձակումները, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորումն ու կալանավորումը և այլն: