Ալեն Սարգսյանի անվան դասասենյակի անվանակոչում՝ Վայքի հիմնական դպրոցում
Վայքի հիմնական դպրոցում տեղի է ունեցել դասասենյակի անվանակոչման արարողություն՝ ի պատիվ դպրոցի նախկին աշակերտ Ալեն Սարգսյանի և նրա սխրագործության: 2019 թ. հունիսի 1-ին Վայոց ձորի Արփա գետում իր կյանքի գնով Ալեն Սարգսյանը մահվան ճիրաններից փրկել էր ընկերոջ կյանքը՝ աշխարհին ի ցույց դնելով խիզախության և ընկերասիրության վառ օրինակ: Այս մասին հայտնում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը:
«Ալենին ճանաչող յուրաքանչյուր ոք նկարագրում է նրան որպես ազնիվ, հայրենասեր, խելացի և պարտաճանաչ աշակերտ՝ սիրված ծնողների, հարազատների, ըկերների և դպրոցի ուսուցիչների կողմից: Նա երազում էր դառնալ ծրագրավորող, զբաղվում էր սպորտով, գրում բանաստեղծություններ, խաղում էր թատրոնում և, լինելով հայրենասեր, դեռ մանկուց համալրել էր «Պատանի երկրապահ» ակումբի շարքերը: Այս ամենը լավագույնս է արտացոլում նրա կերպարը՝ որպես բազմակողմանի զարգացած և հայրենասեր երիտասարդի:
Դասասենյակի բացման պատիվը տրվել է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին և Ալեն Սարգսյանի հորը՝ Վարդան Սարգսյանին: Դասասենյակի անվանակոչումը նպատակ է հետապնդում ոչ միայն եկող սերունդների մոտ վառ պահել Ալենի հիշատակը և նրա սխրագործությունը, այն նաև դաստիարակելու է սերունդներ, և Ալենի օրինակով երիտասարդներին դաստիարակելու է մարդասիրության, անձնուրացության և խիզախության բարձրագույն արժեքներով:
Աշակերտները և Ալենի դասընկերները ներկայացրել են իրենց հերոս ընկերոջ կյանքը, նպատակներն ու երազանքները՝ երդվելով սրտերում վառ պահելով ընկերոջ հիշատակը, իրենց աշխատանքով դառնալ Ալենի խիզախությանն ու իրենց երկրին արժանի երիտասարդներ:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն Ալեն Սարգսյանի ծնողներին հանձնել է շնորհակալագիր՝ իր երախտիքի խոսքերը հայտնելով որդուն ընկերասիրության, քաջության և խիզախության անկոտրում ոգով դաստիարակելու համար»,- նշված է հաղորդագրությունում: