Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից.կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11֊ի դրությամբ եղած դիրքեր․ Էմանուել Մակրոն
Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի հետ, իսկ Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում:
Այս մասին նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ՝ համատեղ ելույթի ժամանակ՝ նկատելով՝ 2020թ. նոյեմբերի 9֊ի հրադադարի հայտարարությունից ի վեր, եթե նույնիսկ, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է, միևնույն է անելիքները շատ են։
Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ ՀՀ֊ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում պետք է իրականացվի բացառապես երկխոսության միջոցով եւ ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի։ «Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից եւ կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11֊ի դրությամբ եղած դիրքեր»,֊ասաց Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան փորձելու է աջակցել երկխոսության հաստատման հարցում։
Էմանուել Մակրոնն ընդգծեց՝ այս դժվար իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է ինչպես միշտ։