Covid-19-ի շտամները ստացել են հունական տառերի անվանումներ` երկրները «պիտակավորելուց» խուսափելու համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) Covid-19-ի շտամներին հունական այբուբենի տառերի անվանումներ է տվել՝ խուսափելու համար սխալ զեկուցումներից և շտամների հայտնաբերման երկրները խարանելուց, հայտնում է Al Jazeera լրատվականը։
«Հաճախ վարակի տարբերակների բժշկական անվանումները հիշելը բարդ է, ինչի հետևանքով մարդիկ դրանք անվանում են հայտնաբերված երկրի անվանումով, ինչը խտրական վերաբերմունք է», - ասված է ԱՀԿ տարածած հայտարարության մեջ։
Կորոնավիրուսային վարակի շտամները, որոնք հայտնի են որպես բրիտանական, հարավաֆրիկյան, բրազիլական և հնդկական, այժմ ստացել են հունական այբուբենի տառերի անվանումներ՝ համապատասխանաբար Alpha, Beta, Gamma և Delta՝ ըստ իրենց հայտնաբերման հերթականության։
ԱՀԿ-ն խրախուսում է լրատվամիջոցներին և ազգային իշխանություններին՝ շտամների մասին խոսելիս կիրառել նոր պիտակները։
ԱՄՆ-ում ծայրահեղականության դեմ պայքարի խմբերը նշում են, որ ճգնաժամի սկզբից ի վեր ասիացիների դեմ հարձակումների և ատելության դրսևորումների թիվն աճել է, ինչում մեղքի մի մասն ընկնում է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա, որը մի քանի անգամ Covid-19-ն անվանել է «չինական վիրուս»։
Հունական այբուբենի ընտրությունը տեղի է ունեցել ամիսներ տևած քննարկումների արդյունքում, նշել է մանրէաբան Մարկ Փալլենը, որը մասնակցել է անվան ընտրության բանակցություններին։