Պատերազմից 7 ամիս է անցել, բայց երբ լարված իրավիճակ է, մենք համապատասխան պատասխան ենք տալիս. Ալեն Սիմոնյան
Երեկ Հանրային հեռուստաընկերության հեռուստաեթերում ԱԺ փոխխոսնակի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը անդրադարձել է երկրում առկա ներքաղաքական իրավիճակին:
«7 ամիս է անցել պատերազմից, բայց երբ լարված իրավիճակ է, մենք համապատասխան պատասխան ենք տալիս և մենք այդ պատասխանը շարունակելու ենք տալ: Ընդդիմության «ներկայացուցիչները», որոնք ընդամենը 15-20 օր առաջ գոռում էին ազգ-բանակ- հաղթանակ, այսօր բանակին յուրաքանչյուր իրավիճակում իրենց քաղաքական նպատակահարմարություններից ելնելով հարվածում են: Օնիկ Գասպարյանո՞վ էր պայմանավորված ազգ-բանակը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա նաև նշեց՝ պարզ է , թե ով է մեր թշնամին և առնվազն այս փուլում մենք ներքին թշնամիներ չպետք է փնտրենք, դա պետականության կարևորագույն հարցն է:
«Կան աշխարհաքաղաքական շահեր, թեպետ չկա այդպիսի բան, բայց կարևոր չեն անձնական հարաբերությունները, անկախ նրանից, թե ՀՀ 2020 թվականին ղեկավարը կլիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե Նիկոլ Փաշինյանը այս իրավիճակը լինելու էր, ուղղակի այստեղ իրավիճակի տարբերությունը այն է, որ ի տարբերություն մնացածի Նիկոլ Փաշինյանը ընտրված է և ներկայացնում է իր ժողովրդին»,- նշեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնակատարը: