Սա աղետ է, պետականաքանդություն, Գեղարքունիքի հատվածում վիճակը, կարծես թե, անկառավարելի է․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Սա աղետ է, պետականաքանդություն և զարհուրելի իրավիճակ, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ պետական սահմաններին տիրող իրավիճակին և Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների գերեվարմանը։
«Մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի մի քանի հարյուր ներկայացուցիչներ ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, տեղավորվել են, տեխնիկապես ամրակայվում են և 3-4 օրը մեկ ՊՆ-ն տարածում է նույն բարդ համադասական նախադասությամբ հայտարարությունը՝ կոչ անելով Ադրբեջանի զինված ուժերին սեփական կամքով լքել տարածքը, այլապես խոստանում է չգիտեմ, թե ինչ անել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Անկախ պատգամավորը նշեց, որ ստեղծված իրավիճակում ընդդիմությունը պետք է ոչ թե զբաղվի արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով, այլ արտահերթ հավաք հրավիրի փողոցում և տեղեկացնի, թե ինչ է կատարվում և որոնք են հետագա անելիքները:
«Ընդդիմությունը հիմա պետք է լիներ փողոցում և արտահերթ հավաք հրավիրեր և հիմա պարտադրեին Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, քանի որ այդ մարդը այլևս ունակ չէ ադեկվատ բանակցություններ վարելու»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ անձամբ եղել է Գեղարքունիքի այդ հատվածում, որտեղից գերեվարվել են զինվորականները։ Ըստ նրա՝ այդ հատվածից զինվոր գերեվարելը նշանակում է, որ Ադրբեջանի զինված ուժերը մտել է մեր տուն և հատուկ պաշտպանության տարածք:
«Պաշտպանության նախարարն ԱԺ ամբիոնից օրեր առաջ խրոխտ հայտարարում էր, երբ խոսք բարձրացավ հովվին ծեծելու հետ կապված, ասում էր, որ դե ինչ է եղել, կարևոր է, որ սահմանային միջադեպեր չկան, կարևորը վիրավորներ և գերիներ չունենք, բայց մենք ամեն օր ունենք սահմանային ծեծկռտուք, հենց հիմա տարածվեց հայտարարություն, որ կրակոցներ են հնչում Գեղարքունիքի հատվածում և վիճակը, կարծես թե, անկառավարելի է, ունենք նաև զոհ»,- նշեց պատգամավորը: