ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել Գազայի հատվածում հաստատված հրադադարը, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է ՄԱԿ-ի ԱԽ-ի հաղորդագրությունում:
«Անվտանգության խորհրդի անդամները ողջունել են կրակի դադարեցումը՝ ընդգծելով դրան հասնելու հարցում Եգիպտոսի, տարածաշրջանային այլ երկրների, ՄԱԿ-ի, մերձավորարևելյան «քառյակի» և միջազգային այլ դերակատարների դերը: Անվտանգության խորհուրդը կոչ է արել ամբողջապես պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասված է հաղորդագրությունում:
Ընդգծվել է նաև լիարժեք խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ հիմնված տարածաշրջանային այն պատկերացման վրա, որ Իսրայելն ու Պաղեստինը կարող են խաղաղ ապրել կողք կողքի՝ ունենալով անվտանգ ու ճանաչված սահմաններ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները շեշտել են նաև Պաղեստինի բնակչությանը հումանիտար օգնություն շտապ տրամադրելու անհրաժեշտությունը:
Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադար է հաստատվել մայիսի 21-ից:
Իսրայելա-պաղեստինյան 11-օրյա հակամարտության հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, նրանց մեծամասնությունը՝ Գազայի հատվածում: Ե՛վ ՀԱՄԱՍ-ը, և՛ Իսրայել հայտարարում են հաղթանակ տանելու մասին: Իսրայելում բնակիչների մեծամասնությունը տոնել է հրադադարի կնքումը, սակայն շատերը մտահոգություն են հայտնել, որ մյուս հակամարտության բռնկումը տարածաշրջանում ժամանակի հարց է:
Երուսաղեմում հուզումները սկսվել էին մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել էին մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել էին մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:
Գազայում, որտեղ վերահսկողություն է իրականացնում ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը, ավելի քան 100 000 մարդ էր տարհանվել իրենց տներից: