Հայաստանը կանգնելու է էժան էլեկտրաէներգիայի ներկրման խնդրի առաջ. Լիլիա Ամիրխանյան (տեսանյութ)
Ատոմակայանի աշխատանքների ժամանակավոր կանգը ենթադրում է, որ գեներացվող էլեկտրաէներգիայի զգալի մասի փոխարինում այլընտրանքայինով: Առաջնային բեռը կրողը ՋԷԿ-ներն են, որոնք թանկ էլեկտրաէներգիա արտադրող են, ուստի Հայաստանն առաջիկայում կանգնելու է էլեկտրաէներգիայի ներկրման խնդրի առաջ, առավելապես` էժան էլեկտրաէներգիայի: Այս մասին երեկ՝ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. տնտեսություն» հատվածում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
Նա նաև նշել է, որ ՋԷԿ-երի կոմպլեքսում ևս ունենք խնդիր` կապված Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքների դադարի հետ:
Փորձագետը նշել է, որ առաջիկայում ակցենտավորումը լինելու է Վրաստանից ներկրման ուղղությամբ` պայմանավորված նաև էժանությամբ: «Չի բացառվում, որ այդպիսով փորձ է արվում նաև տնտեսական հնարավոր հետևանքներից որոշակիորեն խուսափել կամ նախընտրական ժամանակաշրջանի ֆոնին, գուցե, սակագնի լրացուցիչ թանկացումը շրջանցելու նպատակ կա»,- ասել է Լ. Ամիրխանյանը:
Ինչ վերաբերում է Վրաստանից ներկրումների ծավալի մեծացմանը, ապա սա, փաստորեն առաջացնում է որոշակի կախվածություն այն աղբյուրներից, որոնցից Էլեկտրաէներգիա ստանում է Վրաստանը. «Վրաստանն ինքը էլեկտրաէներգիա ներկրող երկիր է: Ներկրում իրականացնում է հիմնականում Ադրբեջանից, նաև` վերաարտահանման նպատակով ՌԴ-ից, ինչպես նաև Թուրքիայից»:
Անդրադառնալով ուղղակի տնտեսական հետևանքներին` Լ. Ամիրխանյանն ասել է, որ սակագնի տեսքով գուցե միանգամից հետևանք չունենանք, բայց երկարաժամկետում այդ խնդրից երաշխավորված չենք. «Ամեն ինչ կարծես արվում է, որպեսզի սակագնի վերանայման հարց չունենանք, բայց երաշխավորված չենք այդ հարցից` պայմանավորված առաջիկայում ավելի թանկ էլեկտրաէներգիայի գեներացման անհրաժեշտությունից, հատկապես եթե հաշվի ենք առնում հանգամանքը, որ դրա վրա ազդում է գազի սակագինը, որի մասով որոշակիություն դեռ չունենք»:
Մանրամասները` տեսանյութում: