Գալապագոսյան կղզիներում Դարվինի կամարը փլուզվել է հայտնի գիտնականի այցից 186 տարի անց
Գալապագոսյան կղզիների մոտ գտնվող հայտնի ժայռը, որը կրում է Չարլզ Դարվինի անունը, փլուզվել է։ Էկվադորի շրջակա միջավայրի նախարարությունը փլուզման մասին Facebook-ում գրառմամբ է տեղեկացրել՝ նշելով, որ դա տեղի է ունեցել «բնական էրոզիայի պատճառով», հայտնում է PA Media-ն:
Գալապագոսյան կղզիների պահպանության հիմնադրամը փլուզման լուրերից հետո Twitter-ում կամարը նկարագրել է որպես կղզիների «սրբապատկեր»: Կազմավորումն անվանակոչվել է հայտնի անգլիացի կենսաբան Չարլզ Դարվինի անունով, որի կողմից 19-րդ դարում կղզիների ուսումնասիրությունը օգնել է նկարագրել էվոլյուցիայի տեսությունը:
Դարվինի անմարդաբնակ կղզին եւ դրա շրջակայքը արգելված են ցամաքային այցելությունների համար, սակայն, ըստ նախարարության, այս վայրը համարվում է մոլորակի լավագույն վայրերից մեկը՝ սուզվելու եւ շնաձկների ու այլ տեսակների խմբերին դիտելու համար: Գալապագոսյան կղզիները, որոնք գտնվում են Էկվադորի ափերից մոտ 1000 կիլոմետր հեռավորությամբ, ունեն եզակի ֆլորա եւ ֆաունա, որոնք աշխարհում այլեւս ոչ մի այլ տեղ չեն հանդիպում եւ կենսոլորտային արգելոցի մաս են կազմում:
Համաշխարհային ժառանգության օբյեկտ համարվող արշիպելագը բաղկացած է 234 կղզիներից, ծովախորշերից եւ ժայռերից: Նրանցից չորսում շուրջ 30 000 մարդ է բնակվում: