Թուրքիայի հատուկ ծառայությունները սպանել են Սիրիայում ՔԱԿ-ի առաջնորդներից մեկին
Իրաքի հյուսիսում սպանվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ)՝ Սիրիայի հարցերով գլխավոր պատասխանատու Խալեֆ ալ-Մուհամեդը, որը հայտնի է Սոֆի Նուրեթթին ծածկանունով: Նուրեթթինին սպանել են մայիսի 8-ին` Իրաքի հյուսիսում Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության և թուրք զինվորականների համատեղ գործողություններով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թուրքիայի կառավարության նիստից հետո կայացած հեռուստաուղերձի ընթացքում, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Սոֆի Նուրեթթինը միջազգային հետախուզման մեջ էր Ինտերպոլի կարմիր տեղեկագրով:
Ըստ Թուրքիայի անվտանգության ուժերի աղբյուրների՝ ալ-Մուհամեդը ՔԱԿ-ի ռազմական թևի ամենաբարձրաստիճան անձն է, որը սպանվել է մինչ օրս: Նա համակարգել է Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների գործունեությունը 2015-2021 թվականներին: Այս ժամանակահատվածում Սոֆի Նուրեթթինը հանդես է եկել որպես Սիրիայի տարածքից Թուրքիայի դեմ իրականացված բոլոր զինված հարձակումների հիմնական կազմակերպիչ: