Իսրայելը հայտարարել է, որ կոնֆլիկտի սրման պահից ի վեր Գազայի հատվածից շուրջ 3350 հրթիռ է արձակվել իր տարածք
Հակամարտության սրման սկզբից Գազայի հատվածից Իսրայել է արձակվել շուրջ 3,350 հրթիռ, շուրջ 500-ը ընկել են անկլավի ներսում: Այս մասին տեղեկացրել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ժամը 19:00-ի դրությամբ, «Պատերի պահպանություն» գործողության մեկնարկից ի վեր Գազայի հատվածից Իսրայել է արձակվել շուրջ 3350 հրթիռ, որից մոտ 500-ը անհաջող կերպով ընկել են Գազայի հատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նաև նշվում է, որ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի արդյունավետությունը կազմում է շուրջ 90%:
Երուսաղեմում հուզումներն սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: