Պետք է ապրենք և արարենք մեր հայրենիքում. Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի կարգախոսը և խորհրդանիշը
Այսօր ՀՀԿ և Հայրենիք կուսակցության միջև ստորագրվել է «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագիր, որից հետո դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասուլիսի սկզբում ներկայացրեց դաշինքի կարգախոսը և խորհրդանիշը:
«Մեր դաշինքի խորհրդանիշն է հնգաթև աստղը, թերևս ոչ բոլորը գիտեն, որ հնգաթև աստղը իրականում քրիստոնեության ամենաառաջին խորհրանիշն էր, սակայն այն մեզ համար խորհրդանշում է նաև ծառայությունը հայրենիքին և մեր պատմական հիշողությունը, մեր հաղթանակները, մեր նախնիների սխրանքները, մարդկային երազանքը և բարձր որակը»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Նա նաև ներկայացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի կարգախոսը և մանրամասնեց կարգախոսի երեք բաղադրիչները՝ «Ուղղիր մեջքդ: Կպնե՛նք գործին: Որ ապրենք»:
«Ուղղիր մեջքդ՝ մեզանում հետևողականորեն սերմանվել է հուսահատությունը, մեզ փորձում են զրկել հայ լինելու հպարտությունից, իսկ հայ ժողովուրդը պետք է վերականգնի և վերագտնի իր արժանապատվությունը և վեհությունը՝ կրկին հավատալով իր ուժերին: Կպնե՛նք գործին՝ պետք է պատրաստ լինենք աշխատանքի և պայքարի միջոցով վերահաստատել սեփական հայրենիքում մեր ապրելու իրավունքը: Որ ապրենք՝ իրականությունը ռիսկերով լի է, որոնք սպառնում են հային և նրա հավաքական գոյությանը, դարեր շարունակ մեր նախնիները պայքարել են, որպեսզի մենք կարողանանք այսօր ունենալ հայրենիք և ապրել որպես հայ»,- ասաց Հարությունյանը:
Որպես խոսքի ամփոփում Հարությունյանը նշեց՝ մենք պետք է ապրենք և արարենք մեր հայրենիքում: