Ոչ միայն խաղաղություն չկա, այլև պատերազմը չի ավարտվել, իսկ իշխանությունը հոգեբանական, իրավական և կազմակերպչական կաթվածի մեջ է. Մհեր Հակոբյան (տեսանյութ)
Իշխանության համար պարզ էր, որ սա մեր վերջին պատերազմը չէ, բայց քաղաքական շարժառիթներից ելնելով՝ տարվում էր հակապատերազմական քարոզ. Արցախը կորսված է, ունենք ճգնաժամային վիճակ ՀՀ սահմաններին, և հանգուցալուծման տեսանելի ու արդյունավետ ճանապարհ չի երևում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը:
«Միանշանակ չէ, որ ՀԱՊԿ-ի արձագանքը կլինի մեր օգտին: Ադրբեջանական կողմի համար այս բանակցությունները ձեռնտու են, քանի որ իրենց պետք է մեր սահմանամերձ տարածքն իբրև վիճելի ներկայացնել: Մեր հասարակությունը հոգեբանորեն ահաբեկված է, քանի որ մեր պարտությունն արդարացնելու համար կասկածելի մի շարք տարրեր, որոնք կռված էլ չէին, սկսեցին սարսափներ պատմել պատերազմից: Երբ մի ուժ անհաջողություն է կրում, հակառակորդին միշտ ներկայացնում է ահարկու կերպով»,- ասել է փորձագետը:
Ըստ Հակոբյանի՝ ոչ միայն խաղաղություն չկա, այլև պատերազմը չի ավարտվել, իսկ իշխանական միջավայրից ասում են՝ այդ ո՞ւմ տղաները պիտի գնան, զոհվեն. «Իշխանությունը քաղում է իր իսկ հոգեբանական քարոզի հետևանքները: Մեր պետությունը ծանր հիվանդ է, խնդիր ունենք առողջացնելու այն: Պետությունն ունի բռնություն գործադրելու լեգիտիմ իրավունք, այս պահին տեսնում ենք այդ դրույթի խախտումը: Իշխանությունը հոգեբանական, իրավական և կազմակերպչական կաթվածի մեջ է: Շարունակաբար սպասում ենք ինչ-որ օգնության, բայց այն չի լինելու»:
Վերլուծաբանի կարծիքով՝ ռուս փորձագետները մեզ հուշում են, որ սեփական ուժերով էլ կարող ենք թշնամուն հեռացնել մեր տարածքից. «Երբ դու քեզ չես պաշտպանում, մեծ եղբայրը որոշակի թեականությամբ կգա քեզ օգնելու: Մենք կամքի կաթված ունենք, վերջին պատերազմից հետո այս իշխանությունը փակվել է արտաքին խնդիրներից, Արցախը տալու գնով փորձում է կարգավորել հարաբերությունները թշնամիների հետ և իշխանություն պահել երկրի ներսում: Սա սնանկ մոտեցում է, քանի որ մեր և թուրքերի խնդիրը քաղաքակրթական և գոյաբանական բախումն է»:
Մհեր Հակոբյանի պնդմամբ՝ այս կռիվը չի ավարտվի անգամ Երևանը թուրքերին տալով, իսկ ահաբեկիչների հետ չեն բանակցում, ոչնչացնում են: «Որքան շատ տվեցիր թշնամուն, այնքան ավելի են ուզելու: Այս կռիվն սկսվել է հազար տարի առաջ: Միջազգայնորեն ճանաչված սահմանները ֆիկցիա են, Իրաքը և Սիրիան ևս ունեին այդպիսիք, բայց Էրդողանը ներխուժում է այդ երկրներ: Երբ արևմտամետներն ասում են՝ հանեք ռուսական ռազմաբազան, ի՞նչը կխանգարի Էրդողանին Արմավիրի մարզում հակաահաբեկչական գործողություն իրականացնել: Մենք Սիրիայի օրինակով տեսանք միջազգային սահմանների պայմանականությունը»,- ամփոփել է Մհեր Հակոբյանը: