Բիթքոինի ստեղծողը դատական հայց է ներկայացրել 16 ընկերության դեմ՝ փորձելով պահպանել իրեն պատկանող ավելի քան 5,7 միլիարդ դոլար արժողությամբ կրիպտոարժույթը
Բիթքոին կրիպտոարժույթի ստեղծող, ավստրալացի համակարգչային փորձագետ Քրեյգ Ռայթը Լոնդոնի դատարան դատական հայց է ներկայացրել ծրագրային ապահովմամբ զբաղվող 16 ընկերությունների դեմ՝ փորձելով նման կերպ պահպանել իրեն պատկանող ավելի քան 5,7 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոինները, գրում է The Guardian-ը:
Մասնավորապես, ներկայացված հայցով Քրեյգ Ռայթը պահանջում է, որ ընկերությունները թույլ տան իրեն հետ վերցնել մոտ 111 000 բիթքոին, որոնք պահվում են երկու այնպիսի թվային հասցեներում, որոնց համար առանձին «բանալիներ» են անհրաժեշտ:
Ռայթը պնդում է, որ նա կորցրել է «դրանց կոդավորված բանալիները», երբ իր անձնական համակարգչային ցանցը 2020 թվականի փետրվարին հաքերային հարձակման է ենթարկվել:
Բացի այդ, Լոնդոնում բնակվող ավստրալացին պնդում է՝ ծրագրավորողները խախտել են իրենց պարտականությունները, քանի որ չեն գործել արժույթի օրինական տիրոջ լավագույն շահերից ելնելով:
Դատական գործը հարուցվել է 4 ծրագրային ապահովմամբ զբաղվող ընկերությունների՝ Bitcoin Satoshi Vision-ի (BSV), Bitcoin Core-ի (BTC), Bitcoin Cash-ի (BCH) և Bitcoin Cash ABC-ի (ABC) դեմ, որոնք գործությունեություն են ծավալում մայրցամաքային Եվրոպայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում և Ճապոնիայում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, առևտրային ծավալի առումով աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթի փոխանակման բորսայում՝ Binance-ում, բիթքոինի արժեքը կտրուկ անկում է գրանցել: Արժույթի արժեքն ընկել է 17,37 տոկոսով և կազմել 46 900 դոլար: