Թել Ավիվում ամբոխը հարձակվել և դաժան ծեծի է ենթարկել մի տղամարդու` կարծելով, որ նա արաբ է (տեսանյութ)
Իսրայելում՝ Թել Ավիվի Բաթ Յամ արվարձանում, հրեաները հարձակվել են մեքենայի վարորդի վրա, որը, իրենց կարծիքով, արաբ է եղել, և նրան, մեքենայից իջեցնելով, ծեծել այնքան, մինչև արնաքամ լինի, հայտնում է The Guardian պարբերականը։
Միջադեպը հեռարձակվել է հեռուստատեսության ուղիղ եթերում, սակայն ոստիկանությունն ու շտապօգնությունը կադրում երևացել են միայն 15 րոպե անց, երբ երիտասարդն անշարժ ընկած է եղել մեջքի վրա։
Հրեա բազմությունը միջադեպը հիմնավորել է նրանով, որ վարորդը արաբ է եղել, որը փորձել է հարվածել աջակողմյան ազգայնականներին, սակայն տեսանյութում հստակ երևում է, որ երիտասարդը պարզապես փորձում է շրջանցել ցուցարարներին։
Միջադեպի զոհը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է կայուն։
Հայտնի է, որ վերոնշյալ միաջադեպից բացի նման դեպքեր են եղել նաև Իսրայելի այլ քաղաքներում։ Հրեաները կոտրել են արաբներին պատկանող խանութների ապակիները, հարձակվել են նրանց վրա։
Պարբերականը նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն կոչ է արել դադարեցնել միմյանց վրա հարձակումները՝ ասելով, որ չեն կարող օրենքն իրենց ձեռքը վերցնել։
Երկրի վարչապետն այցելել է Լոդ և Աքրե և խոստացել, որ հարկ եղած դեպքում «երկաթ բռունցքով» կվերականգնվի կարգը երկրում։
Հիշեցնենք, որ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:
Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Երեկվա տվյալների համաձայն՝ 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում:
Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:
Տեսանյութը՝ այս հղումով: