Սյունիքում Ադրբեջանն այս պահին փորձում է լուծել իր համար 2 կարևոր խնդիր, իսկ ՀՀ դավաճան իշխանությունները ոչինչ չեն անում․ Հրանտ Մելիք–Շահնազարյան
Այն, ինչ տեղի է ունեցել երեկ Սյունիքում և Գեղարքունիքում՝ Շորժայում, տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որը պարտադրվել է Հայաստանին կապիտուլյացիոն փաստաթղթով և այն փաստի մեջ, որ մինչև հիմա Հայաստանում իշխում է դավաճանների իշխանությունը, որն ի վիճակի չէ պաշտպանելու Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը՝ անդրադառնալով երեկ Սյունիքում ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու և դիրքերը մի քանի կիլոմետր առաջ տալու։
«Պաշտոնական հաղորդագրությունները մշտապես աչքի են ընկնում հակասություններով, որտեղ չափազանց մեծ է ստի չափաբաժինը։ Փաստն այն է, որ Գեղարքունիքում գտնվող բնակիչները իրենց աչքով տեսնում են թշնամու տեղաշարժերը»,–ասաց նա։
Քաղաքագետը նշեց, որ այս պահին Ադրբեջանը փորձում է լուծել իր համար երկու կարևոր խնդիր։ «Առաջինը՝ ունենալ գերիշխող դիրք այն տարածքում, որը Հարավային կովկասի տրանսպորտային ուղիների սիրտն է և ստիպել Հայաստանին բացել Մեղրիի միջանցքը։ Երկրորդը՝ Ադրբեջանը ամրապնդում է ինքն իրեն Քարվաճառի և Քաշաթաղի շրջանում, որովհետև ադրբեջանցիները փաստացի հնարավորություն չունեին հանք մուտք գործելու՝ փաստացի գրավելով հայկական Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները»,–ասաց նա։
Հրանտ Մելիք–Շահնազարյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակում իշխանությունները բառացիորեն ոչինչ չեն անում։ «Ես տեսնում եմ ոչ ադեկվատ վարքագիծ։ Երեկ ամբողջ օրը նրանք մեղադրեցին լրատվամիջոցներին խուճապ տարածելու մեջ, երեկոյան ասում են ճգնաժամային իրավիճակ, իսկ այսօր տեսանք, որ արտգործնախարարը շնչակտուր վազում է կառավարությունում»,– ասաց նա և նշեց, որ այդ հարցը Փաշինյանը փորձում է՝ լուծել ռուսական գործոնի օգնությամբ, սակայն Ռուսաստանը պետք է տեսնի հայկական կողմի վճռականությունը։
«Հայաստանն ամեն օր ինչ-որ բան կորցնում է՝ դա կլինի վստահության կորուստ, թե անվտանգության մակարդակի կորուստ, թե տարածքային։ Իսկ հասարակության մեծ մասը նստած հաշվում է, թե քանի օր մնաց ընտրություններին։ Խնդրի լուծումը մեկն է՝ ժամ առաջ դավաճանի հեռացումը, սակայն նրան հեռացնելու պատասխանատվությունն ունեցող քաղաքական ուժերը այլ մարտավարություն են ընտրել՝ պատրաստվելով ընտրությունների։ Հիմա ամեն կորսված օրը հետագայում նշանակելու է ամիսների աշխատանք։ Հայաստանը պարտավոր է կտրուկ գործել, եթե թշնամին առանց մեկ կրակոցի առաջ է գալիս, պետք է դիմադրություն ցույց տաս, հակառակ դեպքում նա կրկին է փորձելու առաջ գալ»,– ասաց նա։
Անդրադառնալով իմքայլական Անդրանիկ Քոչարյանին, ով հայտարարել էր, որ դա ընդամենը մեկ չպահպանվող բարձունք է, ասաց, որ նա պարզ և լկտի սուտասան է։ «Չի լինում այնպես, որ ինչ–որ մի կետով 3 կմ առաջխաղացում լինի։ Անդրանիկ Քոչարյանը և իր նման լկտի սուտասանները երեկ լծված էին մարդկանց խաբելով։ Իրենք ամեն ինչ անում են, որ մարդիկ չիմանան ճշմարտությունը»,–ասաց նա։
Իրավիճակից ելքը Մելիք-Շահնազարյանը, բացի Նիկոլ Փաշինյանի հեռացումից, տեսնում է բանակի վերակազմավորման և արժանապատիվ սպաներով համալրելու մեջ։