Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում գտնվող բնակելի շենք են ոչնչացրել
Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքի Ռիմալ շրջանում գտնվող 6 հարկանի բնակելի շենքին, որն ավերվել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով պաղեստինյան Wafa գործակալությանը:
«Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռը երկու հրթիռով հարձակում է կատարել Գազայի Ռիմալ տարածքում գտնվող «աթ-Թուրք» բնակելի 6 հարկանի շենքի վրա՝ այն վերածելով աղյուսների կույտի», - նշում է գործակալությունը:
Գործակալության տվյալներով` մոտակայքում գտնվող շենքերը նույնպես «զգալիորեն վնասվել են»:
Այս բարձրահարկ շենքը երեքշաբթի օրվանից սկսած` դարձել է 4-րդը Գազայի հատվածում, որն ավերվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից:
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: