Չինաստանը պատրաստ է ՌԴ-ի հետ համագործակցել «Սնեժինկա» արկտիկական կայանի նախագծի շուրջ
Պեկինը, հետևելով Սեուլի օրինակին, հետաքրքրություն է ցուցաբերել համագործակցելու «Սնեժինկա» արկտիկական կայանի կառուցման նախագծի շրջանակում:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ հատուկ հանձնարարություններով դեսպան, Արկտիկական խորհրդում Ռուսաստանի Դաշնության ավագ պաշտոնյա Նիկոլայ Կորչունովը:
Նա նշել է՝ ի թիվս այլ բաների, Պեկինը պատրաստ է նաև սարքավորումներ մատակարարել:
«Չինաստանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է միանալ մեզ, հետաքրքրություն է ցուցաբերել նախագծի, այդ թվում՝ սարքավորումների մատակարարման առնչությամբ»,- ասել է Կորչունովը և հավելել՝ Հարավային Կորեան արդեն որոշում է կայացրել շինարարությանը մասնակցելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Կորչունովը դեռևս 2020 թվականի նոյեմբերին հայտարարել է, որ Սեուլը ստեղծում է հիմնադրամ՝ Ռուսաստանի Դաշնության հետ ջրածնային էներգիայի ոլորտում աշխատելու համար, իսկ «Սնեժինկա» կայանի առնչությամբ աշխատանքները կարող են դառնալ այս ֆոնդի առաջին նախագիծը:
Նշենք՝ «Սնեժինկա» միջազգային արկտիկական կայանը պետք է դառնա լիովին ինքնավար համալիր, որը գործում է վերականգնվող էներգիայի և ջրածնի աղբյուրների հիման վրա (առանց դիզվառելիքի): Կայանը բաղկացած կլինի գմբեթային տիպի մի քանի շենքերից, որոնք միացված կլինեն անցուղիներով: Շենքերի դիրքը վերևից հիշեցնում է ձյան փաթիլ, այդ իսկ պատճառով կայանի նախագիծը ստացել է «Սնեժինկա» (ռուսերենից թարգմանաբար՝ փաթիլ) անունը: