«Միջազգային հանրությունը պետք է ուժեղ և զսպող դաս տա Իսրայելին». Էրդողան` իսրայելա-պաղեստինյան բախումների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նշել է, որ միջազգային հանրությունը պետք է «զսպող դաս տա Իսրայելին»:
«Էրդողանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է Իսրայելին ուժեղ և զսպող դաս տա, այդ նպատակով Թուրքիան կշարունակի իր նախաձեռնությունները բոլոր մակարդակներում», - Russia Today-ի փոխանցմամբ` ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ Էրդողանի խոսքով` «էսկալացիայի հետագա սրումը կանխելու համար կարևոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջամտի այդ հարցին և վճռական ու հստակ ազդանշան տա Իսրայելին հարձակումները դադարեցնելու վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: