Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դուրս է գալիս «լոքդաունից»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան մայիսի 17-ին՝ «լոքդաունի» ավարտին, կվերադառնա բնականոն կյանքի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Նշենք, որ կորոնավիրուսային վարակի տարածումից ի վեր Թուրքիայում վարակակիրների ամենամեծ թիվը գրանցվել էր ապրիլի 16-ին՝ 63 082 դեպք, որից հետո աստիճանաբար նվազել էր` մայիսի 10-ին հասնելով 13 604-ի։
Ապրիլին վարակակիրների թվի աճի ֆոնին Էրդողանը երկրում համընդհանուր արգելափակում էր հայտարարել ապրիլի 29-ից մայիսի 17-ը։ Բոլոր կազմակերպություններն ու հաստատությունները դադարեցրել են իրենց աշխատանքները՝ բացառությամբ այն հաստատությունների, որոնք ընդգրկված են Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրապարակած ցանկում։
«Ռամադանից հետո մենք քայլեր կձեռնարկենք կյանքը բնական ընթացքին վերադարձնելու ուղղությամբ», - Ռամադանի ավարտի կապակցությամբ իր ելույթի ընթացքում ասել է Էրդողանը և հավելել, որ տեղյակ է, որ ոլորտների աշխատակիցներն են ամենաշատը տուժել համաճարակի հետևանքով և մոտ ապագայում այդ հարցերը կլուծվեն։