«Երուսաղեմի հայկական թաղամասում և պատրիարքարանում կյանքն ընթանում է բնականոն հունով, անմիջական վտանգ չկա». Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ
Երուսաղեմի հայկական թաղամասում և պատրիարքարանում վիճակը սովորականի պես է, անմիջական վտանգ չկա:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
«Դիվանի և կրթական հաստատությունների աշխատանքը սովորականի պես ընթանում է: Եկեղեցական արարողությունները կատարվում են ըստ կարգի: Ոչինչ չի չեղարկվել: Դեպքերը Հայոց թաղից հեռու են»,-նշել է նա:
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: