Իսրայելը հրադադարի կնքման շուրջ չի բանակցի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի վճարել իր հարձակումների համար. իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյա
Իսրայելը չի բանակցելու հրադադարի կնքման շուրջ այնքան ժամանակ մինչև ՀԱՄԱՍ-ը չի վճարի իր հարձակումների համար:
Այս մասին գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը:
«ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել, և հետո, իհարկե, նրանք ցանկանում են հրադադար, դա իրենց համար կատարյալ է, նրանք չեն պարտավորվի Երուսաղեմի վրա գրոհելու համար վճարել», - ասել է պաշտոնյան և հավելել՝ հրադադար կլինի այն ժամանակ, երբ իրենք պատրաստ լինեն:
Այնուամենայնիվ, պաշտոնյան ո՛չ հաստատել և ո՛չ էլ հերքել է իսրայելական 12-րդ ալիքի լուրն այն մասին, որ Իսրայելը մերժել է Եգիպտոսի կողմից հրադադարի ռեժիմի շուրջ բանակցություններ վարելու առաջարկը կամ որ Եգիպտոսը ընդհանրապես առաջարկ է ներկայացրել:
Լրատվամիջոցը նշում է նաև, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազին զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Զրույցի ընթացքում պաշտոնյան «ընդգծել է, որ Իսրայելը իրավունք ունի պաշտպանել իր ինքնիշխանությունը և թույլ չի տա իր քաղաքացիներին վիրավորելու փորձեր իրականացնել»: Միևնույն ժամանակ նա պնդել է՝ Իսրայելը կշարունակի «ծանր ձեռք օգտագործել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների դեմ»:
«ՀԱՄԱՍ-ն ընտրել է ահաբեկչության ուղին և ավելի քան 600 հրթիռ է արձակել Երուսաղեմի և Իսրայելի կենտրոնի և նրա հարավում գտնվող քաղաքացիական բնակչության վրա՝ վիրավորելով տասնյակ անմեղ մարդկանց և սպանելով 3-ի»,- ավելացրել է նա:
Աշքենազին շնորհակալություն է հայտնել Բլինկենին ԱՄՆ-ի՝ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին աջակցելու համար: Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գործունեությունը և Գազայից իրականացված հրթիռակոծությունը, այլ ոչ թե մրցանակ տալ դրան:
Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում ՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով: