Միջերկրական ծովում թուրքական ձկնորսական նավերը քարեր և ծխային ռումբեր են նետել իտալական նավերի ուղղությամբ
Միջերկրական ծովի արևելյան մասում՝ Կիպրոսի մերձակայքում միջադեպ է տեղի ունեցել թուրք և իտալացի ձկնորսների միջև, հայտնում է Agence France-Press- ը` վկայակոչելով իտալական նավատորմին։
Գործակալությունը նշել է, որ թուրքական նավերի անձնակազմից քարեր ու ծխային ռումբեր են նետել իտալական նավերի ուղղությամբ, ինչի առնչությամբ իտալական նավատորմից հայտնել են, որ իտալական նավերից մեկը փոքր ինչ վնասվել է։
Միջադեպի առաջացման պատճառներն անհայտ են։ Իտալական ռազմածովային նավը, որը մոտակայքում պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի «Ծովային պահապան» գործողության շրջանակում, ուղղաթիռ է գործի դրել, քանի որ միջադեպին միջամտել է նաև Թուրքիայի առափնյա պահպանության պարեկային նավը։
Նշենք, որ «Ծովային պահապան» գործողությունը նպատակ ունի ապահովել ծովային անվտանգությունը, նավերի անխոչընդոտ նավարկությունն ու հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնել։ Թե՛ Թուրքիան, թե՛ Իտալիան անդամակցում են ՆԱՏՕ-ին։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել էր «բռնապետ», ինչին ի պատասխան Էրդողանն ասել էր, որ այդ խոսքերը «անպարկեշտ ու գռեհիկ են»։ Միջադեպի հետևանքով Անկարայում Իտալիայի դեսպանին կանչել էին Թուրքիայի ԱԳՆ։
Լրատվական գործակալությունը նշել է, որ վերջին տարիներին Թուրքիան բազմիցս բախվել է Եվրամիության քննադատություններին՝ Կիպրոսի տնտեսական գոտի ներխուժումների համար այն բանից հետո, երբ ափամերձ տարածքներում բնական գազի մեծ պաշարներ են հայտնաբերվել։