Հնդկաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշի նոր հակառեկորդ է գրանցվել
Հնդկաստանում կորոնավիրուսային համավարակի հետևանքով մահացածների թիվը նոր հակառեկորդ է սահմանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսի հետևանքով մահացել է 4205 մարդ և գրանցվել է կորոնավիրուսով վարակման 348,4 հազար նոր դեպք։ Կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր Հնդկաստանում վարակվել է մոտ 23,3 միլիոն մարդ, որոնցից 19,3-ը ապաքինվել, իսկ 254 հազարը մահացել է։
Միևնույն ժամանակ առողջապահության նախարարությունը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել 175 միլիոն մարդ, ինչը կազմում է Հնդկաստանի բնակչության գրեթե 13 տոկոսը։
Ինչպես ավելի վաղ եղեկացրել էր Tert.am-ը, Հնդկաստանում կորոնավիրուսով պայմանավորված բարդ իրավիճակի ֆոնին աճում են նաև մուկորմիկոզ սնկային հիվանդությամբ վարակման դեպքերը:
Հիվանդությունը հազվադեպ սնկային վարակ է, որը հայտնի է նաև «սև բորբոս» անունով: Այն ախտահարում է շնչուղիներին ու թոքերը: Այն հաճախ հանդիպում է խոնավ տարածքներում և մակերեսներում, բույսերում, հողում, մրգերում և բանջարեղենում:
Նշվում է, որ մուկորմիկոզ ախտորոշվում է կորոնավիրուսով հիվանդների և նրանց մոտ, որոնք վերջերս են ապաքինվել վիրուսից:
Հիշեցնենք, որ Հնդկաստանը կորոնավիրուսով վարակման և վարակի հետևանքով մահվան դեպքերի թվով երկրորդն է աշխարհում՝ Միացյալ Նահանգներից հետո։