Վերջին 10 տարվա ընթացքում Չինաստանի բնակչությունն աճել է 72 միլիոնով
Չինաստանի բնակչությունը հասել է 1 միլիարդ 411 միլիոն 780 հազար մարդու: Արդյունքում, բնակիչների թիվը 2010-ի համեմատ աճել է 72 միլիոնով կամ 5.38 տոկոսով, հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական վիճակագրական վարչության կայքը, փոխանցում է «Գազետա»-ն:
Երկրում անցկացվել է յոթերորդ համաչինական մարդահամարը:
Վիճակագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում միջին բնակչությունն աճել է տարեկան 0.53 տոկոսով: Ընդ որում, 2000-ից 2010 թվականներին ընկած ժամանակահատվածում միջին տարեկան աճն ավելի բարձր էր եւ հասնում էր 0.57 տոկոսի:
Մարդահամարը ցույց է տալիս, որ Չինաստանում ապրում է 723 միլիոն 339 հազար 956 տղամարդ եւ 688 միլիոն 438 հազար 768 կին (համապատասխանաբար 51.24 եւ 48.76 տոկոս):
16-ից 59 տարեկան Չինաստանի աշխատունակ բնակչության թիվը 880 միլիոն է:
Չինաստանի բնակչության միջին տարիքն այժմ 38.8 տարեկանն է:
Բնակչության թվով Չինաստանն 1-ին տեղում է մնում աշխարհի բոլոր երկրների շարքում: Հնդկաստանը մի փոքր զիջում է (ավելի քան 1.389 միլիարդ մարդ): Երրորդ հորիզոնականը զբաղեցնում են Միացյալ Նահանգները (ավելի քան 331 միլիոն մարդ):