«ՄԱԿ-ը կցանկանար օգտագործել ռուսական «Սպուտնիկ V»-ն իր աշխատակիցներին պատվաստելու համար». Գուտերեշ
ՄԱԿ-ը կցանկանար օգտագործել ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութն իր աշխատակիցներին պատվաստելու համար, բայց սպասում է, որ դեղամիջոցը ստանա Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատումը:
Այս մասին ռուսական լրատվական գործակալություններին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախևառաջ, ՄԱԿ-ի աշխատակիցներից շատերն արդեն ստացել են ռուսական պատվաստանյութը, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում: Եվ մենք կցանկանայինք այն ինքներս օգտագործել, բայց սպասում ենք ԱՀԿ հաստատմանը, որն անհրաժեշտ է ՄԱԿ-ի աշխատանքի համար»,- ասել է Գուտերեշը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2020-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում առաջարկել էր կազմակերպության աշխատակիցներին անվճար տրամադրել ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութ: ՄԱԿ-ը հաղորդել է, որ կազմակերպությունն ուսումնասիրում է ՌԴ նախագահի առաջարկը և այդ հարցի առնչությամբ կապի մեջ է ԱՀԿ-ի հետ:
Հիշեցնենք՝ ԱՀԿ փորձագետն ավելի վաղ հայտնել էր, որ կազմակերպությունն ակնկալում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ իր գնահատականը տալ հունիսի վերջին կամ հուլիսին:
Իր խոսքում Գուտերեշն անդրադարձել է նաև աղքատ երկրներում վարակի ակտիվ տարածման դեպքում կորոնավիրուսի նոր մուտացիաների առաջացման հնարավորությանը:
«Ես շատ մտահոգված եմ ներկայիս իրավիճակով: Որոշ երկրներ շատ արագ են պատվաստում իրենց բնակչությունը: Բայց մենք դեռ ունենք մի շարք երկրներ, որոնք անգամ մեկ դեղաչափ չեն ստացել: Եվ, ընդհանուր առմամբ, զարգացող երկրներում պատվաստումների զգալի բաց կա»,- ասել է Գուտերեշը և հավելել՝ եթե կորոնավիրուսն անտառային հրդեհի նման տարածվի մոլորակի հարավում, ապա կարող են առաջացանալ շատ ու շատ մուտացիաներ, որոնցից մեկը կարող է նույնիսկ այնքան դիմացկուն լինել, որ «դիմակայի պատվաստանյութերին»:
«Սա նշանակում է, որ ոչ ոք ապահով չէ, քանի դեռ բոլորը ապահով չեն»,- փաստել է նա: