Դանիայում ռուսաստանցի պրոֆեսորը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 3 տարվա ազատազրկման
Դանիայի Օլբուրգ քաղաքում 36-ամյա ռուսաստանցին մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Պատժաչափը կրելուց հետո նա արտաքսվելու է երկրից:
Այս մասին հայտնում է Դանիայի դատարանների պորտալը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ դատապարտյալը «երկար տարիներ տեղեկություններ է հավաքել Դանիայի տեխնիկական համալսարանի, ինչպես նաև Հյուսիսային Յուտլանդիայի ձեռնարկությունների մասին և դրանք, այդ թվում՝ վճարովի հիմունքներով, փոխանցել Ռուսաստանի հետախուզությանը»:
Նշենք՝ դատապարտված անձի անունը չի նշվել, դատական նիստն անցել է դռնփակ, սակայն պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել վճիռը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Դանիայի դատախազությունը ռուսաստանցուն կասկածում է դանիական էներգետիկ տեխնոլոգիաների մասին տեղեկատվությունը ռուսական հետախուզությանը փոխանցելու համար:
Տղամարդը անազատության մեջ է գտնվում 2020 թվականի հուլիսից, նա մինչ օրս չի ընդունել իր մեղքը: Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող քիմիական ինժեները 12 տարի ապրել է Դանիայում և աշխատել Օլբուրգում գտնվող SetEnergy ընկերությունում, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր վառելիքային տարրերի արտադրությամբ: Նախկինում նա դոկտորի կոչում էր ստացել Դանիայի տեխնիկական համալսարանից: