ՌԴ բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարը մանրամասնել է՝ ինչքան կբավականացնեն երկրի նավթի և գազի բնական պաշարները
Ռուսաստանի Դաշնության ներկայիս արտադրական մակարդակներում նավթի բնական պաշարները կբավականացնեն 59, իսկ բնական գազինը՝ 103 տարի:
Այս մասին ՌԲԿ-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարար Ալեքսանդր Կոզլովը:
«Բայց մենք հասկանում ենք, որ սա ընդհանուր հաշվեկշիռն է: Ինչ-որ տեղ կան վայրեր, որտեղ պաշարները սպառվում են, կան այնպիսիք, որոնք դեռևս ամբողջապես չեն գործարկվել»,- շեշտել է պաշտոնյան և հավելել՝ ամեն դեպքում անհրաժեշտ է իրականացնել երկրաբանական հետազոտություն, այդ թվում՝ դժվարամատչելի վայրերում, ամբողջական պատկեր ստանալու համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020 թվականին Ռուսատանում նավթի և գազի կոնդենսատի արտադրությունը նվազել է 8,6 տոկոսով՝ կազմելով 512,68 մլն տոննա, որը 10 տարվա ընթացքում ամենացածր արժեքն է: Ինչ վերաբերում է գազի արդյունահանմանը, ապա այն երկրում 2020 թվականին կազմել է 694,3 միլիարդ խորանարդ մետր: