Ճապոնիայում դպրոցականի վրա գործ է հարուցվել 21-ամյա վաղեմության հանցագործության վայրում գրաֆիտիի համար
Տոկիոյի դատախազությունը գործ է հարուցել 17-ամյա դպրոցականի վրա, որին մեղադրում են 21-ամյա վաղեմության հանցագործության վայրում գրաֆիտիի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ճապոնական հանրային հեռուստատեսությանը:
Նշվում է, որ դեռահասը մի քանի գրաֆիտի է պատկերել ցանկապատի վրա եւ մանկական խաղահրապարակում, որը գտնվում է այգում, որտեղ 21 տարի առաջ սպանվել է չորս անձից բաղկացած ընտանիք: Ավագ դասարանների աշակերտն արդեն խոստովանել է մեղքը՝ բացատրելով արարքը նրանով, որ ցանկացել է կրկնել գրաֆիտին, որն ավելի վաղ տեսել էր YouTube-ում:
Նշվում է, որ դեռահասը, որին հայտնաբերել են մերձակայքում տեղադրված տեսախցիկների միջոցով, զղջացել է եւ հայտարարել, որ ոչինչ չգիտեր 21 տարի առաջ կատարված հանցագործության մասին: