Մալայզիայի վարչապետը հայտարարել է համազգային լոքդաունի ներդրման մասին
Մալայզիայի վարչապետ Մուհիդին Յասինը հայտարարել է ամբողջ երկրում լոքդաունի ներդրման մասին, որը կտեւի մայիսի 12-ից հունիսի 7-ը: Այս մասին նա հայտարարել է հատուկ տեսաուղերձում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Տեղաշարժի սահմանափակման նոր ռեժիմի ներդրման մասին որոշումն ընդունվել է Ազգային անվտանգության խորհրդի այսօր տեղի ունեցած նիստից հետո»,- ասել է կառավարության ղեկավարը: Մասնավորապես, նրա խոսքով, «բոլոր ուսումնական հաստատությունները կփակվեն, բացառություններ կլինեն միջազգային քննություններ հանձնողների համար»: Նա պարզաբանել է, որ նախադպրոցական հաստատությունները կբացվեն «ծնողներին օգնելու համար»:
Վարչապետը նաեւ նշել է, որ գործատուները պետք է ապահովեն աշխատողների 30%-ից ոչ ավելիի ներկայությունը գրասենյակներում: Բացի այդ, միայն երեք մարդ կարող է գտնվել մեկ ավտոմեքենայի մեջ, իսկ քաղաքների, մարզերի եւ նահանգների միջեւ տեղաշարժը հնարավոր է միայն ոստիկանության հատուկ թույլտվությամբ:
Մալայզիայի իշխանությունները երկրի ողջ տարածքում վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով հունվարի 22-ից մտցրել էին այս ռեժիմը, որը իրավիճակի բարելավման ֆոնին մարտի 5-ից չեղարկվել էր: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վարակվածների օրական աճը կազմել է շուրջ 3000: Սակայն, ինչպես շաբաթ օրը ասել է առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Հիշամ Աբդուլան, ըստ կանխատեսումների, ամսվա կեսին դեպքերի միջին աճը օրական կկազմի մոտ 5000, իսկ մայիսի վերջին կհասնի 7000-ի:
Ընդհանուր առմամբ, Մալայզիայում համավարակի ընթացքում հաստատվել է վարակման գրեթե 444 500 դեպք, որից ավելի քան 1700-ը մահացել են: