Վրացական դատարանը վճռեց ազատ արձակել Նիկա Մելիային ԵՄ գրավի վճարումից հետո
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել կալանքից ազատել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, պատգամավոր Նիկա Մելիային, Եվրամիության կողմից 40 հազար լարի (ավելի քան 11,6 հազար դոլար) գրավը վճարելուց հետո: Գրում է ՏԱՍՍ-ը։
«Դատարանը լսեց մեղադրող և պաշտպանական կողմերի դիրքորոշումները և որոշեց, որ Նիկա Մելիան պետք է լքի քրեակատարողական հիմնարկը, քանի որ բավարարվել է գրավի վճարման պայմանը»,- դատավորի խոսքերը մեջբերել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Թբիլիսիի դատարանի որոշումը կուղարկվի քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, որտեղ կալանավորված էր Մելիան, որից հետո նա ազատ կարձակվի:
Մայիսի 8-ին Մելիայի համար գրավ է վճարել Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը: Մելիան ձերբակալվել էր փետրվարի 23-ին՝ հատուկ գործողությամբ։ Նրա խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու պահանջին արձագանքել էր Եվրամիությունը և հենց սկզբից առաջարկել էր գրավը վճարել, բայց քաղաքական գործիչը չէր համաձայնել, քանի որ իր դեմ առաջադրված մեղադրանքները համարել էր շինծու և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված: